Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, այսօր՝ փետրվարի 16-ին, Անկարայում հանդիպել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելի հետ: Հանդիպման գլխավոր թեման եղել է երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերությունը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ՊՆ-ն, հանդիպմանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ համաձայնեցվել են համատեղ զորավարժություններ անցկացնելուն վերաբերող հարցերը: Այսօր վրացական պատվիրակությունը հանդիպել է նաեւ Թուրքիայի պաշտպանական ինդուստրիայի ներկայացուցիչների հետ:
Այցելության շրջանակներում Իրակլի Ալասանիան եւ վրացական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավարության հետ, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»: Հանդիպումների ժամանակ թուրքական կողմը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին:NEWS.am