Ընդունելության քննությունները հաջորդ տարվանից հնարավոր է անցկացվեն գարնանը

Ընդունելության քննությունները հաջորդ տարվանից հնարավոր է անցկացվեն գարնանը

Վրաստանում միասնական ազգային քննությունները հնարավոր է հաջորդ տարվանից անցկացվեն գարնանը: Քննությունների մեկնարկի կապակցությամբ քննական կենտրոն այցելած Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

«Գտնում եմ, որ ընդունելության քննությունները չպետք է անցկացվեն հուլիսին: Հաջորդ տարի օրակարգում կպահենք այս հարցը, որպեսզի քննություններն ամառվա շոգ օրերի փոխարեն անցկացվեն կիսամյակի վերջում՝ գարնանը»,- նշեց Չխենկելին:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին ավելացրեց, որ քննությունները գարնանը անցկացնելը նպատակահարմար է նաև այն տեսանկյունից, որ այդ ընթացքում դեռևս կշարունակվի ուսումնական գործընթացը և «քննություններ հանձնելու համար հյուրանոցներ չենք վարձի»։

ԿԳ նախարարության նախաձեռնության մասին խոսեցինք Վաչիան գյուղի շրջանավարտ Արմինե Ուրունյանի հետ: Վերջինս երկրի պետական բուհ ընդունվելու համար հուլիսի 7-ին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրով մայրենիով (հայերենով) կհանձնի «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությունը: Նա դրական է գնահատում գարնանը քննություններն անցկացնելու նախաձեռնությունը.

«Շոգն ինչ-որ չափով խանգարում է, լավ կլինի, եթե քննությունները գարնանը հանձնելու հնարավորություն ստեղծվի: Կարծում եմ՝ քննությունների ամիսը փոխելու դեպքում հաշվի կառնեն, որ գարնանը նաև ավարտական քննություններ են, որպեսզիմեկը մյուսին չխանգարի»,-ասում է Արմինեն:

Հիշեցնենք, Վրաստանում բուհերի ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 26-ը: Ողջ Վրաստանի մասշտաբով բացվել է 22 քննական կենտրոն: Նշենք նաև, որ հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի դիմորդները ստիպված են լինում քննությունը հանձնելու նպատակով հասնել Թբիլիսի կամ Ախալցիխե:

Հատկանշական է, որ քննությունների տեղափոխման հարցն առաջ է եկել քննական կենտրոններում օդորակիչների բացակայության մասին բարձրացված աղմուկից հետո։ Նախարարը, սակայն, վստահեցրել է, որ այս շաբաթ բոլոր կենտրոններում կտեղադրվեն օդորակիչներ։
www.aliq.ge