Վրաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի սաներ Դավիթ Սահակյանը և Արշալույս Զաքարյանը մասնակցեցին որակավորման մրցումների:
Մրցաշարը, որին մասնակցում էին 30 շախմատիստտներ, անցկացվում էր շվեյցարական համակարգով:
Չկրելով ոչ մի պարտություն և կատարելով երկու ոչ ոքի՝ Դավիթ Սահակյանը հավաքեց 6 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Դավիթը կատարեց իր առջև դրված խնդիրը առաջին կարգի շախմատիստի որակավորում ձեռք բերելու համար, ինչի համար նա պարգևատրվեց գավաթով, առաջին աստիճանի դիպլոմով և մեդալով:
Արշալույս Զաքարյանը 7 հնարավոր միավորից հավաքեց 5-ը և ձեռք բերեց երկրորդ կարգի շախմատիստի որակավորում:
Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով՝ այս կամ այն կարգի որակավորում ձեռք բերելը շախմատիստին թույլ է տալիս հետագայում ավելի լուրջ զբաղվել շախմատով և հասնել բարձր արդյունքների: Ըստ մարզչի՝ այս մրցաշարը լավ օրինակ և խթան կհանդիսանա խմբակի մյուս սաների համար:
Առաջին հորիզոնական զբաղեցրած Դավիթ Սահակյանն էլ իր հերթին նշեց, որ առաջին կարգի որակավորում ստանալը թույլ կտա իրեն հետագայում լավագույնս ինքնադրսևորվել:
Բորիս Ղարսլյան