Դիլիֆ գյուղի բնակիչները բողոքում են, որ դեռևս ավարտին չեն հասցվել գյուղի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:
Բնակիչները նշում են, որ դեռևս երկու տարի առաջ սկսվել է մանկապարտեզի կառուցումը, և այժմ շինաշխատանքները դադարեցված են: Բնակիչները մանկապարտեզ չունենալու պատճառով երեխաներին տանում են հարևան գյուղի՝ Մեծ Գոնդուրայի մանկապարտեզ:
Դիլիֆ գյուղում ապրում է շուրջ 1200 մարդ: Գյուղի 70 երեխաներից 30-ը գնում են մանկապարտեզ:
“Մանկապարտեզը անհրաժեշտություն է մեր երեխաների համար: Մանկապարտեզի կառուցման շինաշխատանքների ավարտին շատ քիչ է մնացել, սակայն չգիտես ինչու դրանք դադարեցված են: Շատերը իրենց երեխաներին տանում են Մեծ Գոնդուրայի մանկապարտեզ:
Երեխաներին հարևան գյուղի մանկապարտեզ տանելու համար անհրաժեշտ է տրանսպորտ, իսկ դուք գիտեք, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում մեր ճանապարհները: Շատ հաճախ երեխաներին չեն ընդունում հարևան գյուղի մանկապարտեզ, քանի որ այնտեղ էլ տեղերը սահմանափակ են՛՛,- նշում են դիլիֆցիները:
Բնակիչները ցանկանում են, որ ավարտին հասցվեն շինաշխատանքները, և Դիլիֆ գյուղի երեխաները հաճախեն սեփական գյուղի մանկապարտեզ:
Նինոծմինդայի մունիցիպլաիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ղեկավար Ռուբեն Ղազարյանը նշեց, որ Դիլիֆ գյուղի մանկապարտեզի շինաշխատանքների շարունակության և Գանձա գյուղի ՛՛Ձնծաղիկ՛՛ մանկապարտեզի տանիքի վերանորոգման համար մրցույթ-տենդերը արդեն կայացել է: Մրցույթ-տենդերը շահել է “Կար 208” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, սակայն պայմանագրի ստորագրման համար փաստաթղթերը չեն ներկայացվել մրցութային հանձնաժողով: Ռուբեն Ղազարյանի խոսքով՝ Դիլիֆ գյուղում մանկապարտեզի շենքը, սենյակները, ջեռուցման համակարգը պատրաստ են, իսկ գույքը՝ գնված: Մնում է միայն շենքը ցանկապատել և բարեկարգել հարակից տարածքը:
Անահիտ Զալալյան