Ես ընդունում եմ իմ սխալը, ես մտածում էի, թե սա ընդամենը քվեարկություն է լինելու, բայց պարզվեց, որ ժողովուրդն ավելի հետաքրքիր է մտածում, քան քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: «Չէի սպասում, բայց ժողովուրդը գնաց բողոքեց, շատ ավելի խելոք քայլ արեց, բայց արդյունքները կեղծեցին»,- նշեց նա:
Նա բարձրաձայնեց իրենց արձանագրած խախտումները՝ ընտրողների ուղղորդումներ, ընտրակաշառք, ընտրության գաղտնիության խախտման դեպքեր, այլ անձնագրի ներկայացում, կրկնակի քվերակություն, ճնշումներ, կողմնակի եւ վկայագիր չունեցող անձանց կուտակումներ, հինգ վստահված անձ է ներկա եղել, որոնցից չորսը եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք:
Նա տեղեկացրեց, որ օրինակ թիվ 6 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է 49 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 45: Ավետիք Իշխանյանն ասաց, որ որոշումներ կայացնողը ոչ թե հանձնաժողովի նախագահն է եղել, այլ Սերժ Սարգսյանի վստահված անձը, որոնք հիմնականում եղել են թաղի լավ տղերքը՝ առանց բեյջի, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը շատ քիչ տեղերում ունեին վստահված անձինք:
«Ազատ հասարակության ինստիտուտի» դիտորդները» երբեմն իրենց ավելի լկտի էին պահում, քան Սերժ Սաևգսյանի վստահված անձինք»,-նշեց նա:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am
Լուրեր Հայաստանից – NEWS.am