Նինոծմինդա քաղաքում ջրամատակարարումը բարելավելու նպատակով Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները Հեշտիա գյուղում տեղադրում են ջրամղիչ պոմպ և իրականացնում պոմպակայանի վերանորոգման աշխատանքներ:
Հեշտիա գյուղի պոմպակայանը, որը խմելու ջրով էր ապահովում Նինոծմինդա քաղաքը, արդեն 20 տարի է չէր գործում:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև շաբաթվա վերջ պոմպակայանը ամբողջության պատրաստ կլինի գործարկման համար, իսկ ջրի հոսքին մեկնարկ կտրվի արդեն այս ամսվա վերջին:
Իսկ երկրորդ պոմպակայանը, որը գտնվում է Դիլիֆ գյուղում, ևս կմիացվի Նինոծմինդա քաղաքին: Հույս կա, որ բոլոր այս աշխատանքների իրականացումից հետո Նինոծմինդա քաղաքը ապահովված կլինի բնականոն ջրամատակարարմամբ:
Հիշեցնենք, որ 2017թ. տեղական բյուջեից Նինոծմինդա քաղաքի ջրի անբավարարության խնդրի լուծման նպատակով ջրամղիչ պոմպերի ձեռքբերման համար հատկացվել էր 47 000 լարի գումար: Պոմպերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթը շահել էր “წყლის და გაზის მირგატია” ՍՊԸ-ն 44 998 լարիի դիմաց: Ընկերությունը այդ գումարով ձեռք էր բերել 6 պոմպեր, որոնցից 2-ը նախատեսված էր հորատանցքերի համար: Պոմպերը պետք է տեղադրվեին Հեշտիա գյուղում Նինոծմինդա քաղաքը ջրով ապահովելու համար: Իսկ մնացած պոմպերը նախատըեսված էին Փոքր Արագյալ, Գանձա, Սաթխա և Դիլիֆ գյուղերի համար: Սակայն մինչ օրս այդ պոմպերը չէին տեղադրվել:
Թե արդյոք կլուծվի Նինոծմինդա քաղաքում ջրի անբավարարության խնդիրը ընթացիկ աշխատանքների ավարտից հետո, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները լսեք նյութում.
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան