Գանձա գյուղում այս տարի ավանադական դարձած Վահան Տերյանի պոեզիայի օրը կնշվի հուլիսի 21-ին:
Պոեզիայի օրվա տոնակատարություններին հրավիրված են հյուրեր Վրաստանից և Հայաստանից: Վահան Տերյանի պոեզիայի օրը Գանձա գյուղում նշվում է 1967 թվականից ի վեր:
Տոնակատարությունները մեկնարկելու են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագով: Այնուհետև հյուրերը շրջելու են մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանով: Իսկ կեսօրին կմեկնարկի բացօթյա դաշտահանդեսը, որը կուղեկցվի երգով, պարով և բանաստեղծի ստեղծագործությունների ասմունքով:
Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պաշտպանության ծառայության պետ Ժորա Սնխչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թանգարանին կից ցուցադրման սրահը արդեն հնացել է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ըստ այդմ պետք է ստեղծել նոր ծրագիր: Ըստ նրա՝ դա պահանջում է շատ աշխատանք և անհրաժեշտ է, որ Վրաստանն ու Հայաստանը ֆինանսական միջոցներ տրամադրեն:
Բանաստեղծի թանգարանը ևս գտնվում է անմխիթար վիճակում: Հատկապես վատ վիճաակում է գտնվում տուն -թանգարանի փոքրիկ սենյակներից մեկը, որը անհնար է բարեկարգել առանց համապատասխան մասնագետների: Քաղաքապետարանի աշխատակիցները, տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում այդ սենյակը, որոշել են փակել այն:
Մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանը ծնվել է 1885թ. Գանձա գյուղում և մահացել 1920 թ. Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում: Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը:
Հեղինակ՝ Անահիտ Զալալյան