Նինոծմինդայում զբոսաշրջությունը զարգանում է

Նինոծմինդայում զբոսաշրջությունը  զարգանում է

Նինոծմինդայի քաղաքապետարանի սեռային հավասարության և տուրիզմի զարգացման բաժինը պատրաստում է քարտեզ, որտեղ նշվելու են մունիցիպալիտետի բոլոր պատմական հուշարձանները, արագ սննդի կետերն ու հանգստի վայրերը: Քարտեզը լինելու է թռուցիկների և կայքէջի տեսքով:

Քարտեզի պատրաստման համար բաժնի աշխատակիցները կազմակերպել էին երթևեկություն Նինոծմինդայի մունիցիպալիտետի զբոսաշրջային երթուղիով:

Նինոծմինդայի քաղաքապետարանի սեռային հավասարության և տուրիզմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանի խոսքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում գնալով զարգանում են ենթակառուցվածքները, հիմնական հարմարությունները կան, շատ շինություններ են կառուցվել և շարունակում են կառուցվել: Ըստ նրա՝ մեր մունիցիպալիտետի գեղեցիկ բնությունը թույլ է տալիս բնության գրկում պիկնիկներ կազմակերպել: Ռադիոնովկա-Նինոծմինդա ճանապարհին զբոսաշրջիկները կարող են այցելել XII-XIII դդ. ուղղափառ և առաքելական եկեղեցիներ:

Գայանե Սերոբյանը նշեց, որ մեր հյուրանոցներում և ռեստորաններում գործում է ոչ պակաս լավ սպասարկում, քան մյուս քաղաքներում:

Այս տարի անցյալ տարվա հետ համեմետած Նինոծմինդայի մունիցիպալիտետում զբոսաշրջիկների թիվը ավելացել է: Ինչպես նշում են ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների սեփականատերերը, նրանց հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են:

«Վատ է, որ մեր մունիցիպալիտետում ցուցանակներ տեղադրված չեն: Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ շատ անելիք կա, օրինակ անհրաժեշտ է կառուցել աղբյուրներ, զուգարաններ և պիկնիկների տաղավարներ, որպեսզի էլ ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն մեր մունիցիպալիտետ»,- իր խոսքում նշեց Գայանե Սերոբյանը:

Անահիտ Զալալյան