Ոչխարաբուծությունը գնալով դառնում է անշահավետ

Ոչխարաբուծությունը գնալով  դառնում  է անշահավետ

Ոչխարաբուծությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է:

Աչխար, բուրդ, կաթ և պանիր. այս ամենը վաճառվում են առանձին-առանձին, սակայն գյուղացիները այն շահավետ չեն համարում: Այդ պատճառով էլ տարեց տարի մանր եղջերավոր անասունների գլխաքանակը փոքրանում է:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսական ծառայության տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետի ոչխարների գլխաքանակը 2017թ. կազմել է 36 հազար, իսկ 2018թ.՝ 34 հազար:

Գանձա գյուղում ոչխարաբուծությամբ զբաղվում են վաղուց, սակայն այստեղ էլ բնակիչները բողոքում են, որ այն շահավետ գործ չէ:

Արարատ Մարգարյանը ոչխարաբուծությամբ զբաղվում է շատ վաղուց: Խորհրդային տարիներին կոլտնտեսությունում աշխատել է որպես հովիվ: Այժմ Արարատը ունի 50 գլուխ փոքր եղջերավոր անասուն, իսկ նախկինում երկու անգամ ավելի: Նա ևս նշում է, որ ոչխարի արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, սակայն գյուղում այլ զբաղմունք չլինելու պատճառով ստիպված ոչխար են պահում:

«Մենք հիմնականում արտադրանքը իրացնում ենք տեղում, շատ հազվադեպ ենք տանում այլ տեղեր վաճառելու: Գնորդը գալիս է, նշում է իր ուզած գինը և այդ գնով էլ վաճառում ենք: Եթե չհամաձայնենք այդ գնին և չվաճառենք, ինչ-որ մեկը այդ գնով վաճառում է, իսկ մեր ապրանքը մնում է տանը: Այդ պատճառով էլ վաճառում ենք ինչպես պատահի», -նշում է Արարատը՝ բողոքելով, որ աչխարաբուծությամբ ապրել չի լինում:


Ոչխարի խուզը Գանձա գյուղում
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան