“Փարոս” կազմակերպության “Ակտիվ մասնակցություն սեփական ապագայի ընտրության գործում՛ խորագրով նախագծի շրջանակներում անցկացվեց հանդիպում Նինոծմինդայի Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանի հետ։ Հանդիպումը տեղի էր ունենում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ცესკო) և Ընտրական համակարգերի զարգացման կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության ներկայացուցիչներ։ Հանդիպման ժամանակ խոսվեց ընտրությունների և ընտրական գործընթացների կարևորության մասին։
Սեյրան Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես են ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովները, ինչպես են ընտրվում հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և հանձնաժողովի մնացած անդամները։ Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե տվյալ բնակավայրն ունի 1500-ից ավելի ընտրող, ապա այդ բնակավայրում բացվում է երկրորդ թաղամասային ընտրական տեղամասը։
Գոյություն ունեն մշտապես գործող հանձնաժողովներ, որոնք են՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ բաղկացած 5 մշտական անդամներից, ժամանակավոր տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնք այս տարվանից պետք է ունենան 12 անդամներ։ Անձը չի կարող դառնալ Կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ առանց համապատասխան վկայական ունենալու։
Ընտրատեղամասում քվեարկության ժամանակ արգելվում է նկարահանել կամ տեսանկարահանել ընտրական քվեախուցը, ընտրացուցակը և այն փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկատվություն ընտրողների մասին։
Անահիտ Զալալյան