Հեշտիայից 94-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը կատարեց իր վաղեմի խոստումը
Ծնունդով Հեշտիայից Հայրենական պատերազմի վետերան 94-ամյա Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը օրերս կատարեց իր վաղեմի խոստումը: Ներսես Սիմոնյանը ոչ վաղ անցյալում հրավիրվել էր Ղրիմ՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հավաքույթին և այնտեղից իր հետ բերել էր մի բուռ հող և մետաղյա վարդեր լացող մայրերի և զինվորների տեսքով և քահանայի օրհնությամբ հարգեց հայրենի գյուղից պատերազմում զոհվածների հիշատակը Հեշտիա գյուղում գտնվող ՛՛Ջոջ-Քար՛՛ կոչվող հուշարձանի մոտ:
՛՛Ջոջ-Քար՛՛ կոչվող հուշարձանը, որի մոտ խոնարհվեցին Ղրիմից բերված մետաղյա վարդերը
Ներսես Սիմոնյանը 17 տարեկան հասակում մեկնել է պատերազմ և մասնակցել հերոս-քաղաքներ Նովորոսիսկի և Սևաստոպոլի ազատագրմանը, որտեղ վիրավորում ստանալով 1944թ.-ին վերադարձել է հայրենի Հեշտիա: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում, այնուհետև 45 տարի շարունակ աշխատել է Հեշտիայի թիվ 2 դպրոցում նախ մանկավարժ, իսկ մնացած 23 տարվա ընթացքում ղեկավարել է դպրոցը:
Աղոթք զոհվածների հիշատակին
Չնայած իր պատկառելի տարիքին, Ներսես պապիկը ակնոցի օգնությամբ ազատ կարդում է գրքեր և դիտում հեռուստացույց:
Ներսես Սիմոնյանի հարազատներն ու համագյուղացիները ՛՛Ջոջ-Քար՛՛ կոչվող հուշարձանի մոտ
Մեր այն հարցին, թե որն է Հեշտիա գյուղից պատերազմի կենդանի մնացած միակ մասնակից-վետերանի երկարակեցության գաղտնիքը, ինքը՝ 94-ամյա Ներսես Սիմոնյանը պատասխանեց, որ չափավոր է սնվում, իսկ հարազատներից մեկն էլ նշեց, որ այդ գաղտնիքը կայանում է նրանում, որ պապիկը նախանձի զգացողություն չունի և մյուսներին էլ խորհուրդ է տալիս ունենալ աննախանձ և խաղաղ հոգի:
Մանրամասների մասին լսեք Ներսես Սիմոնյանի հետ մեր հարցազրույցում.