ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա ազատ կարձակվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նրա խափանման միջոցը փոխելու համար երկու միջնորդություն էր ներկայացվել՝ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի երաշխավորությունը և Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ գրավի դիմաց նրան ազատելու պահանջը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը սկսվել էր օգոստոսի 9-ին: Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն մոտ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվեց՝ օգոստոսի 10-ին 14.00-ին շարունակելու որոշմամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: