Նինոծմինդա քաղաքի Ազատության 7 հասցեում գտնվող բազմաբնակարանանոց շենքի բնակիչները մունիցիպալիտետի ղեկավարությունից խնդրում են իրենց շենքի դիմաց գտնվող հատվածը ասֆալտապատել։
Բնակիչները բողոքում են, որ շենքի դիմաց ընկած հատվածը գտնվում է անմխիթար վիճակում։ «Չնայած որ մեր շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Անձրևներից հետո անհնար է լինում անցնել այդ տարածքով գոյացող ցեխի պատճառով, երեխաները ևս չունեն խաղալու տեղ»։
Հինգ հարկանի բազմաբնակարանանոց շենքում ապրում են 48 ընտանիք։
«Անձրևներից հետո մշտապես գոյանում է ցեխ, որտեղ անհնար է անցուդարձ կատարել։ Մենք էլ ենք ցանկանում նորմալ պայմաններում ապրել»,- բողոքում են շենքի բնակիչները։
Շենքի դիմաց գտնվող տարածքում մեքենաների երթևեկությանը խոչընդոտում է գետնից բարձր գտնվող դիտահորներն ու փոսերը։
Նինոծմինդայի քաղաքապետարանի Տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն ծրագրվում է բարեկարգել բազմաբնակարանանոց շենքերի բակերը։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է ավարտին հասցնել քաղաքի փողոցների ասֆալտապատումը, որը նախատեսվում է ավարտել 2021թ․, իսկ 2019թ․ զուգահեռաբար կմեկնարկեն բազմաբնակարանային շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները։
Բորիս Ղարսլյան