Ասֆալտապատվող Օրլովկա-Գորելովկա ճանապարհը վտանգավոր է երթևեկության համար

Ասֆալտապատվող  Օրլովկա-Գորելովկա ճանապարհը վտանգավոր է երթևեկության համար

Այս օրերին Նինոծմինդա-Բավրա մայրուղու Օրլովկա-Գորելովկա ավտոճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Սակայն ասֆալտապատման նախնական փուլում գտնվող ճանապարհի վիճակը վտանգավոր է երթևեկության համար առկա անհարթությունների և փոսերի պատճառով: Բացի այդ, այդ ճանապարհով երթևեկելիս անասելի փոշի է բարձրանում, ինչը վտանգավոր է բնակիչների և ուղևորների առողջության համար:


Հատուկ տեխնիկան տեղում իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքներ:

Այս ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը իրենից ներկայացնում է երկամյա նախագիծ: Նախապես հայտարարված մրցույթ-տենդերը շահել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը 13 808 673 լարիի դիմաց: Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 14կմ 600 մետր ավտոճանապարհ: Բնակավայրերի միջով անցնող ճանապարհի եզրերին նախատեսվում է կառուցապատել մայթեր:

Ասֆալտապատման նախագիծը իրականացնում է “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը: Նախագծով նախատեսված է վերանորոգել Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի 98-112 կմ ընկած հատվածը:


Ավտոճանապարհահատվածի անանցանելի հատվածներից մեկը

Հիշեցնենք, որ այս ավտոճանապարհահատվածը, որը Վրաստանը կապում է Հայաստանին, բազմաթիվ փոսերի պատճառով խնդիրներ է առաջացնում երթևեկության համար: Այս ճանապարհով են անցնում ինչպես խոշոր բեռնատար, այնպես էլ տարբեր տիպի այլ փոխադրամիջոցներ: Բնակիչներն էլ կարծում են, որ հենց խոշոր բեռնատար մեքենաների երթևեկի պատճառով է ավտոճանապարհը հայտնվել նման անմխիթար վիճակում:

Գարուշ Արզումանյան