Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղացիներն ու ֆերմերները գոհ են կարտոֆիլի ստացվող բերքից:
Խոնավ և բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ տարին բերքառատ է: Սակայն գյուղացիները բողոքում են բերքի ցածր գներից և իրացման շուկայի բացակայությունից:
Այժմ մեկ կիլոգրամ կարտոֆիլի արժեքը կազմում է 50-60 թեթրի:
Փոքր Գոնդուրայի բնակիչ Գալուստ Սարգսյանը նշում է, որ այս տարվա մշակած 10 հեկտար կարտոֆիլի ցանքատարածությունից ստացված բերքից գոհ է: Անցյալ տարվա հետ համեմատած, այս տարի 1 հեկտարից ստացել է այնքան բերք, որքան 4 հեկտարից անցյալ տարի: Գալուստը նշում է, որ տարվա մակարդակով կարտոֆիլի մշակման համար ծախսել է 30 հազար լարի գումար:
Ինչպես ցույց է տալիս ստեղծված իրավիճակը, այս տարի ևս կարտոֆիլագործների համար գլխավոր խնդիրներից մեկը կարտոֆիլի բերքի իրացման շուկայի բացակայությունն է: Գալուստ Սարգսյանի խոսքով, կարտոֆիլը Թբիլիսի հասցնելու համար ամեն անգամ անհրաժեշտ է մունիցիպալիտետի ադմինիստրացիայից վերցնել թույլտվություն: Հակառակ դեպքում բերքը Թբիլիսի տանելու ժամանակ թույլտվության մասին տեղեկանք չունենալու պատճառով ճանապարհային ոստիկանը կարող է տուգանել 500 լարիով:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան