Սահակաշվիլին աբխազական երկաթուղին եւ Ջավախքը համարել է Ռուսաստանի լծակները Վրաստանի դեմ

Սահակաշվիլին աբխազական երկաթուղին եւ Ջավախքը համարել է Ռուսաստանի լծակները Վրաստանի դեմ

Վրաստանի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը Կրեմլին Վրաստանը կառավարելու լծակներ է տալիս: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Ակցենտներ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Որպես այդպիսի լծակներ նա նշել է Աբխազիայով անցնող երկաթուղու բացումը, ինչպես նաեւ իրավիճակը Ջավախքում, որն, ըստ նրա, կարող է լարվել:

«Կառավարությունը Ռուսաստանին մի քանի լծակներ է տվել»,-ասել է Սահակաշվիլին: «Առաջինը էներգետիկ լծակն է, երբ դադարեցվում է ՀԵԿ-ի շինարարությունը եւ նոր կառավարությունը էներգետիկ ոլորտը կախվածության մեջ է դնում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից»,-հայտարարել է Վրաստանի նախագահը:

Երկրորդ լծակը, ըստ նրա, առեւտրի ոլորտն է: Սահակաշվիլին կարծում է, որ ռուսական շուկան առաջնահերթություն ընտրելը վտանգավոր է Վրաստանի համար եւ «Ռուսաստանին շանս է տալիս մեկ օրում փլուզել Վրաստանի տնտեսությունը»: Միաժամանակ, Վրաստանի նախագահը նշել է, որ այդ առաջնահերթությունն ընտրվում է այն ժամանակ, երբ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շուկաներն ազատ են վրացական ապրանքների համար:

Երրորդ լծակը Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնումն է: «Նրանք միայն սկսել են խոսել, իսկ երկաթուղու վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են»,-հայտարարել է նախագահը: Չորրորդ լծակն, ըստ Սահակաշվիլիի, կարող է դառնալ Ջավախքը: «Եթե նախկինում պատանդ էին Աբխազիան եւ Հարավային Օսիան, ապա հիմա դա նաեւ Սամցխե-Ջավախեթին է»,-ասել է Սահակաշվիլին, մտավախություն հայտնելով, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է լարվել:

«Եթե դու Ռուսաստանին էլեկտրաէներգիայի անջատման, տնտեսության փլուզման, տարածաշրջանը պայթեցնելու եւ դեպի Եվրոպա ճանապարհը փակելու լծակներ ես տալիս, ապա Վրաստանը կվերածվի գավառական բռնապետության: Եթե Վրաստանում չմնա ժողովրդավարություն, բազմակարծություն, ազատ լրատվամիջոցներ, ազատ դատարաններ, չլինեն քաղաքական բանավեճեր, Վրաստանը չի կարող ձգտել դեպի Եվրոպա եւ նրան կմնա մեկ ճանապարհ` դեպի Ռուսաստան»,-ասել է Սահակաշվիլին:

Միաժամանակ, ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», Սահակաշվիլին կրկին հայտարարեց, որ մտադիր չէ ցրել Իվանիշվիլիի կառավարությունը, որպեսզի նրանցից հերոսներ չսարքի: «Ի՞նչ եք կարծում, ես այդքան անփո՞րձ եմ, որ հերոս դարձնեմ այդ մարդկանց (կառավարությանը), որպեսզի նրանք հետո ասեն, թե ուզում էին ինչ-որ բան անել ժողովրդի համար, իսկ մենք նրանց այդ հնարավորությունը չտվեցինք»,-ասել է Վրաստանի նախագահը:
NEWS.am



Opinion, pooling and voting