Առաջիկայում հնարավոր է Վրաստանում արգելվի ազարտային խաղերի գովազդը, ինչպես նաև վրացական բանկային քարտերով օտար կայքերում գրանցված առցանց խաղերում մասնակցելը: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Ակնկալվում է, որ համապատասխան օինագիծը Վրաստանի խորհրդարանը կքննարկի երկուշաբթի օրը: «Ազարտային խաղերի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն, Վրաստանում կարգելվի ազարտային խաղերի գովազդը հեռուստաընկերություններում, ռադիոյում, համացանցում և հաղորդակցության այլ միջոցներում: Օրենքի խախտման դեպքում տուգանքը կկազմի 10 հազար լարի։
Օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն Վրաստանի բնակիչներին, ովքեր խաղում են արտասահմանում գրանցված առցանց ազարտային խաղեր: Մասնավորապես վրացական քարտերով չեն կարողանա գումար փոխանցել օտարերկրյա կայքերի հաշվեհամարներին:
Ընդդիմությունը բողոքել է փոփոխությունների դեմ: Նրանց կարծիքով, օրինագծի հեղինակները հոգ են տանում բացառապես վրացական կազմակերպությունների շահերի համար:
Վրաստանում ազարտային խաղերի բիզնեսը զարգանում է արագ տեմպերով: Այսպես, 2017-ին այս հատվածում բիզնեսի շրջանառությունը կազմել է 5,65 միլիարդ լարի: Այս թիվը 1,6 միլիարդ լարիով ավելի է խանութների եկամտից: Ռեստորաններում և հյուրանոցներում շրջանառությունը կազմել է 2,4 միլիարդ լարի:
2005-ից ի վեր երկրում գործում է «Ազարտային խաղերի մասին» օրենքը, որը և կառավարում է կազինոների, տոտալիզատորների, սլոտ-ակուբների և այլ ազարտային խաղերի գործունեությունը:
Օրենքի համաձայն, մինչև 21 տարեկան քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կազինոներ և ազարտային ակումբներ: Անչափահասները չեն կարողանա նաև գրանցվել օնլայն կազինոներում:
Նախորդ տարի Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել օրենքում, ըստ որի Վրաստանի քաղաքացիների դեպքում մինչև 21 տարեկան, իսկ օտարերկրացիների դեպքում մինչև 18 տարեկան քաղաքացիներին արգելվում է մուտք գործել կազինո:
Նշվում է, որ Վրաստանի Ֆինանսների նախարարությունը կկազմի այն անձանց ցուցակը, որոնք ազարտային խաղերից կախվածություն ունեն: Այս ցուցակում կհայտնվեն նրանք, ովքեր ինքնակամ կդիմեն Ֆինանսների նախարարություն: Բացի այդ, անունները ցուցակում կընդգրկվեն դատարանի որոշմամբ: Ցուցակում յուրաքանչյուր անձ կմնա 3 տարի: Ազարտային խաղերի հաստատությունների աշխատակիցները պարտավոր կլինեն ստուգել բոլոր այցելուների անունները ռեեստրում: aliq.ge