Երևանի 2800-ամյակին ընդառաջ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի կենտրոնում գտնվող Կարապի լճի տարածքում ցուցադրվեց «Աշխարհի ամենամեծ գաթան», որը համալրեց Գինես-ի ռեկորդների շարքը։
368 կգ քաշ, 68 մ երկարություն և 37 սմ լայնություն, հենց այս չափանիշներով գաթան այսօր կեսօրից իր շուրջն էր համախմբել հարյուրավոր քաղաքացիների ու անուշ բույր տարածել քաղաքի կենտրոնում։Նախաձեռնությունը Հայաստանում մի քանի հայտնի տեղական ռեստորաններ ներկայացնող «Երեմյան փրոջեքթս» ընկերությանն է։ Հսկայական չափերի գաթան պաշտոնապես ներառվեց Գինեսի ռեկորդների գրքում, իսկ հանդիսավոր արարողությանը հաջորդեց համեղ հյուրասիրությունը:
«Գաթան պատրաստելու միտքը ծագել էր դեռևս մարտին, երբ մենք պատրաստեցինք 40 մ երկարություն ունեցող ամենաերկար գաթան: Աշխարհի ամենամեծ գաթայի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 10 օր, իսկ թխել ենք 2 օրերի ընթացքում: Աշխատել ենք 5 հոգով, սակայն մեզ աջակցել է մեր ամբողջ թիմը», – լրագրողների հետ զրույցում ասաց «Երեմյան փրոջեքթս»-ի շեֆ հրուշակագործ Անահիտ Միքայելյանը՝ հավելելով, որ «Աշխարհի ամենամեծ գաթան» թխվել է նորովի ներկայացված հայկական բաղադրատոմսով և Գինեսի ռեկորդների գրասենյակի բոլոր կանոններին համապատասխան ընթացակարգով։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել նաև Guinness World Records Limited գրասենյակի ներկայացուցիչ Ջոանա Մարի Բրենտը։
«Որպեսզի համոզվեինք, որ այս գաթան իր չափսերով ռեկորդակիր է, մենք բազմաթիվ չափումներ ենք արել: Մեր նվազագույն չափանիշը 18 կգ էր, սակայն, ինչպես տեսաք` այս գաթան ավելի բարձր ցուցանիշ ունի: Մենք չափել ենք գաթայի ամեն մի բաղադրիչը, այնուհետև հաշվել դրանց ընդհանուր կշիռը: Կարծում եմ` հրաշալի աշխատանք է կատարվել», – ասաց Ջոանա Մարի Բրենտը:
Իսկ գաթան չափսերով ռեկորդակիր լինելուց բացի, նաև համով էր անգերազանցելի։ Այդ մասին վկայեցին «Ալիք մեդիայի» զրուցակիցները։
42-ամյա Իրինա Բադալյանը գաթաների պատրաստման տարբեր եղանակներ գիտի, ասում է՝ իր մոտ էլ է համեղ ստացվում, բայց այս գաթայի համը լրիվ այլ է։
«Իսկապես շատ-շատ համեղ էր, զարմացած եմ պարզապես։ Ուսումնասիրում եմ, ուզում եմ հասկանալ, թե ինչ է դրվել մեջը՝ այս հետաքրքիր համը ստանալու համար», – ասում է Իրինան։ aliq.ge