Սահակաշվիլին համաձայնել է ճաշել Իվանիշվիլիի հետ եւ հրաժարվել պետական պահպանությունից

Սահակաշվիլին համաձայնել է ճաշել Իվանիշվիլիի հետ եւ հրաժարվել պետական պահպանությունից

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է հանդիպել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ` քննարկելու համար «Ռուսաստանի հետ հարաբերություններին, Վրաստանի տարածքի օկուպացիային եւ երկրի զարգացման հեռանկարներին» վերաբերող մի շարք խնդիրներ:

Փետրվարի 26-ի երեկոյան տեղի ունեցած բրիֆինգում Սահակաշվիլին հայտնել է, որ Facebook սոցիալական ցանցի միջոցով նամակ ստացել վարչապետից եւ հավելել, որ առաջին անգամ է բախվում նման պրակտիկայի, երբ վարչապետը երկրի նախագահին նամակ է գրում Facebook-ի միջոցով եւ սպասում պատասխանի նույնպես սոցիալական ցանցերով: «Մենք շատ բան ունենք խոսելու եւ եթե նա (Իվանիշվիլին) չի գալիս ինձ մոտ, ես կարող եմ գնալ նրա մոտ եւ նույնիսկ ճաշի, եթե իհարկե, նա ինձ հրավիրի»,-ասել է Սահակաշվիլին:
Նախագահը նաեւ հայտնել է, որ հրաժարվել է պետական պահպանությունից, այդ թվում նրա համար, որպեսզի իր պետական պահպանության աշխատակիցների վրա «ճնշումներ չլինեն»:
Ավելի վաղ Սահակաշվիլիի այդ որոշման մասին հայտնել էր նրա մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, նշելով, որ դա ընդունվել է այն բանից հետո, երբ Իվանիշվիլին միանձնյա աշխատանքից ազատել է պետական պահպանության ծառայության պետին եւ այդ պաշտոնում նշանակել իր անձնական պահպանության ծառայության ղեկավարին:
Դրան ի պատասխան, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ «նախագահներն իրենց չեն պատկանում» եւ նրանց պահպանությունն անհրաժեշտություն է: Նա Սահակաշվիլիի որոշումը համարել է «սուպեր անպատասխանատու»:
«Եթե նախագահը չի պատկանում իրեն, նրանք պետք է իրենց պահեն համապատասխան ձեւով: Մինչ օրս մեծամասնությունից ես լսել եմ, որ նախագահը պետք է գտնվի փակի տակ` ապակե շենքում: Եթե ես պատկանում են երկրին, նրանք պետք է ինձ թույլ տային մտնել խորհրդարան, որ դիմեմ պատգամավորներին»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Ինձ, որպես ազատ մարդու, նյարդայնացնում է մեծ թվաքանակով թիկնապահները… Ոչ ոք չի կարող ինձ փակել պալատում»,-հայտարարել է Սահակաշվիլին, հավելելով, որ կշարունակի այցելել Վրաստանի տարբեր շրջաններ եւ ինքն էլ կվարի իր մեքենան:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 26-ին Սահակաշվիլիին կոչ էր արել մոտ օրերս հստակ պատասխան տալ առաջարկվող սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ:news.am



Opinion, pooling and voting