Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել են միջպետական նշանակության Նինոծմինդա-Բավրա ճանապարհի բուն ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատումը իրականացվում է ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրից` Օրլովկա գյուղի մոտակայքից:
Նախագծով նախատեսված է ասֆալտապատել 14 600 մետր ճանապարհ: Բնակավայրերի միջով անցնող հատվածները կունենան անձրևաջրերի հեռացման համար ներկառուցված խողովակներ: Ասֆալտապատումն իրականացնող «Սաքմիլսադենմշենի» ընկերության ղեկավար Ավթանդիլ Լոմբաձեի խոսքով՝ ասֆալտապատման նախագծում հաշվի են առնված նաև կլիմայական պայմանները և խոշոր բեռնատար մեքենաների երթևեկությունից ասֆալտին հասցվող տատանումները: Նրա խոսքով՝ ընկերությունը պարտավոր է 2 տարի շարունակ անընդհատ հետևել ճանապարհին և վնասման դեպքում վերանորոգել այն: Ավթանդիլ Լոմբաձեն նաև նշեց, որ ճանապարհը ամենայն հավանականությամբ պետք է ծառայի 5-10 տարի:
Այս տարվա նախագծով նախատեսված է ասֆալտապատել 5 կիլոմետր ճանապարհ, իսկ մնացած հատվածը՝ 2019թ.:
Հիշեցնենք, որ ասֆալտապատման համար հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը 12 մլն լարիի դիմաց:
Նյութի հեղինակ՝ Գարուշ Արզումանյան