Օրոջալար գյուղի դպրոցի տեխնիկական աշխատողները, մասնավորապես հավաքարարները հրաժարվում են աշխատել դպրոցում ցածր աշխատավարձի պատճառով: Նախկինում դպրոցում աշխատում էին երեք հավաքարար, նրանցից մեկը աշխատանքից հրաժարվել էր առողջական խնդիրների պատճառով, իսկ մյուս երկուսը պատճառաբանել են, որ աշխատավարձը շատ ցածր է, իսկ կատարելիք աշխատանքը` շատ: Հավաքարարների աշխատանքի մեջ է մտնում մաքրել դպրոցը և վառել դասասենյակների վառարանները:
Աշակերտների ծնողներն էլ բողոքում են, որ դպրոցի չունի տարրական պայմաններ: Նրանք պահանջում են, որ դպրոցն ունենա կենտրոնական ջեռուցում, քանի որ անհնար է վառելափայտով բավարար ջերմությքւն ապահովել դասասենյակներում: Ծնողները նշում են, որ ամեն տարի իրենք գումար են հավաքում և կոսմետիկ վերանորոգում իրականացնում դպրոցում, այն դեպքում, երբ դպրոցն ուկի բավարար բյուջե իր խնդիրները հոգալու համար:
Դպրոցի տնօրեն Լյովա Թազայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցն ունի 30 հազար լարիից ավելի գումար, սակայն Կրթության և գիտության նախարարությունը դեռևս թույլ չի տալիս այն ծախսել:
Օրոջալարի դպրոցում սովորում են 105 աշակերտ: Ձմռանը դպրոցը ջեռուցվում է վառելափայտով: Տնօրենի խոսքով, դպրոցը լիարժեք կերպով ապահովված է վառելանյութով և 20 խորանարդ մետր վառելափայտով: Նա էլ իր հերթին նշեց, որ ծնողները ցանկանում են, որ դպրոցն ունենա կենտրոնական ջեռուցում, սակայն իր նշած գումարը բավարար չէ վերջինիս անցկացման համար, մյուս կողմից էլ անհրաժեշտ է նախարարության թույլտվությունը: Տնօրենը նշում է, որ նախարարությանը բազմիցս նամակ են գրել ջեռուցման հարցով, սակայն անարդյունք:
Բորիս Ղարսլյան