Ախալքալաքի շրջանային դատարանը քննարկեց Նինոծմինդայի Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Արփիկ Սողոյանի կողմից վարչական իրավախախտման գործը: Դատարանը որոշեց, որ իրավախախտը պետք է «պատժվի» բանավոր նախազգուշացումով:
Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովը բավարարել է 3 դիտորդական կազմակերպությունների («Միջազգային թափանցիկություն – Վրաստան», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարական հասարակություն» (ISFED)) բողոքը՝ իրավախախտի նկատմամբ, վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու կապակցությամբ: Նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակել էր քարոզչական նյութեր՝ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու հոկտեմբետի 2-ի և 3-ի նախընտրական հանդիպումից:
Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվել էր 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, 48-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով և 88-րդ հոդվածով, որը ենթադրում է 2000 լարի տուգանք` նախընտրական քարոզչության նորմերի խախտում:
Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին դիմել էր Ախալքալաքի շրջանային դատարան: Դիմումում հանձնաժողովը ուղարկել էր իրավախախտման արձանագրությունը և գործի այլ նյութեր, որպեսզի խախտման մասին որոշում կայացնելուց առաջ դատարանը կարողանար դրանց հետ ծանոթանալ:
Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանային դատարանը քննեց գործը, «Վրաստանի վարչական իրավախախտման մասին» օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն, որն ընձեռում է «Աննշան իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն», և որոշեց որպես պատժիչ միջոց կիրառել բանավոր նախազգուշացում: Արփիկ Սողոյանը չի տուգանվի 2000 լարիով, ինչպես դա նախատեսված է Վրաստանի ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածով՝ նախընտրական քարոզչության նորմերի խախտում: