NOR ռադիոն օրերս անդրադարձել էր Օրոջալարի դպրոցի առանց հավաքարարի մնալու խնդրին:
Այս առնչությամբ մեր լրագրողը լսել է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեի կարծիքը:
Նա մեկնաբանեց, որ Օրոջալարի դպրոցը ունի հավաքարարի երեք աշխատատեղ, դպրոցն ունի իրավունք նաև ունենալու ջեռուցման հարցերով զբաղվող աշխատակից: Սակայն ելնելով դպրոցում առկա իրավիճակից նման աշխատակից չի գտնվել: Ըստ Զեդգինիձեի, հավաքարարների համար նախատեսված աշխատավարձը ցածր է, ովքեր վերը նշված աշխատակցի բացակայության պատճառով նաև պետք է կատարեն դասասենյակների վառարանները վառելու աշխատանքը, ինչն էլ առաջացրել է նրանց դժգոհությունը:
Դավիթ Զեդգինիձեն նաև նշեց, որ դպրոցները, լինելով հանրային իրավունքի իրավաբանական անձ և ստեղծված լինելով Կրթության և գիտության նախարարության կողմից, ենթարկվում են վերջինիս:
Օրոջալարի դպրոցի վերանորոգման հարցի հետ կապված Դավիթ Զեդգինիձեն նշեց, որ 2015թ. հայտարարվել է մրցույթ մի շարք դպրոցների, այդ թվում նաև Օրոջալարի դպրոցի պատուհանների, դռների փոխման և սանհանգույցի բարեկարգման համար, սակայն մրցույթը մասնակից չունենալու պատճառով չի կայացել: Նշված աշխատանքները մնացել են հաջորդ տարվան` այսինքն 2016թ.-ին: Այնուհետև իրավիճակը փոխվել է, դպրոցները համատեղ մեմորանդումի կնքումից հետո նախարարության վերահսկողությունից անցել են մունիցիպալիտետների տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության ներքո:
Օրոջալարի դպրոցը մեծ բյուջե ունեցող դպրոցներից չէ և չի կարող ամբողջապես փոխել դպրոցի պատուհանները կամ անցկացնել կենտրոնական ջեռուցում:
Այս տարի բարերարի կողմից փոխվել են դպրոցի մարզադահլիճի պատուհանները:
Բորիս Ղարսլյան