Վրաստանը եւ Ադրբեջանը ապակայունացման իրական վտանգի առաջ են կանգնած, եւ այդ վտանգը բխում է Ռուսաստանից: Այդ մասին Ադրբեջանից վերադառնալիս Թբիլիսիի օդանավակայանում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Ըստ նրա` Վրաստանը ինքնավարությունների բաժանվելու սպառնալիքի տակ է, իսկ Ադրբեջանում պատրաստվում են իշխանափոխության՝ վրացական սցենարով: «Ռուսաստանում գտնվել է ոմն միլիարդատեր Սադիկով, որը խոստացել է Վրաստանի ադրբեջանցիների համար ինքնավարության հասնել, նույնը, ինչ խոստանում է Վրաստանի նոր իշխանությունների կողմից համաներման արժանացած հայ ակտիվիստ Վահանգն Չախալյանը, որը նույնպես բարձրացնում է վիրահայերի ինքնավարության հարցը», – պատմել է նա, հավելելով, որ նույն Սադիկովը միլիարդատեր Վագիֆ Ալեքփերովի հետ մեծ փողերի օգնությամբ պատրաստվում են Ադրբեջանում իշխանափոխություն կազմակերպել:
Նա Վրաստանի նոր իշխանություններին երկխոսության կոչ է արել, քանի որ դրանք շատ լուրջ խնդիրներ են, որոնք պետք է միասին լուծել: Սահակաշվիլին հայտնել է, որ օրերս կմեկնի Թուրքիա, եւ այնտեղ նույնպես կքննարկվեն տարածաշրջանում եղած սպառնալիքները, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանի նախագահը կրկին հրաժարվել է թիկնազորից` հայտարարելով «Աստված պահպանի ինձ իմ թիկնազորից, իսկ թշնամիներից ինքս կպաշտպանվեմ»: Նա նախագահական պալատ է ուղեւորվել էլեկտրոմոբիլով: Իսկ նախագահի թիկնազորը նրան ուղեկցել է հեռվից: