Թբիլիսիում,մարտի 4-ին, տեղի է ունեցել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը: Սա նրանց երկրորդ ուղիղ բանակցություններն են հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժումը, իսկ Սահակաշվիլիի կուսակցությունը դարձավ ընդդիմություն: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որից հետո երկու գործիչները լրագրողների համար հայտարարություններով են հանդես եկել:
«Ես միշտ պատրաստ եմ հանդիպել Սահակաշվիլիի հետ, բայց չեմ ուզում, որպեսզի դրանք լինեն պարզապես հանդիպումներ»,-հայտարարել է Իվանիշվիլին` հավելելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Սահակաշվիլին եւ նրա թիմը դառնան վրաց հասարակության արժանի անդամներ:
«Իմ խնդրանքն է, որպեսզի նրանք դադարեն խոսել միայն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ եւ որպեսզի հասկանալի խոսեն Վրաստանի քաղաքացիների համար»,-նշել է Իվանիշվիլին:
Սահակաշվիլին իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Սահմանադրական փոփոխությունների վրա աշխատանքը կշարունակվի եւ ցանկալի է, որպեսզի արդյունքներ ձեռք բերվեն բանակցությունների արդյունքում, այլ ոչ թե վերջնագրերի միջոցով: Նա հավելել է, որ այսօր չի հաջողվել ամեն ինչի շուրջ պայմանավորվել:
Վրաստանի նախագահի խոսքով` հանդիպմանն ինքը մի քանի պահանջ է ներկայացրել` անկախ դատարան, լրատվամիջոցների դեմ ճնշումների դադարեցում, ըստ կուսակցական պատկանելիության հետապնդումների դադարեցում:
Միաժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ցրել խորհրդարանը կամ կառավարությունը, քանի որ իշխանափոխությունից հետո քիչ ժամանակ է անցել, որպեսզի համարժեք գնահատական տրվի նոր կառավարության աշխատանքին:
Հիշեցնենք, որ վարչապետ Իվանիշվիլին Սահակաշվիլիին առաջարկել է մոտակա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ըստ այդ փոփոխությունների` նախագահի չի կարող ցրել կառավարությունն` առանց խորհրդարանի համաձայնության:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Իվանիշվիլիի հետ հանդիպման է գնացել իր էլեկտրամեքենայի ղեկին նստած:NEWS.am