Հոբելյանական երեկո՝ նվիրված Անժելա Ղարսլյանին

Հոբելյանական երեկո՝  նվիրված  Անժելա Ղարսլյանին

Նոյեմբերի 9-ին Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում կայացավ սոլֆեջոյի վաստակաշատ ուսուցչուհի Անժելա Ղարսլյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա կոլեգաները, աշակերտները քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը:

Ներկաները շնորհավորանքի գեղեցիկ խոսքեր հնչեցրին հոբելյարի հասցեին:

Իր շնորհավորական խոսքում երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը նշեց, որ Անժելա Խաչատուրովնան անթերի է թե տանը, թե աշխատանքի մեջ, և շատերը պետք է նրանից օրինակ վերցնեն:


Տնօրեն Վարդուհի Փութուլյանը շնորհավորում է հոբելյարին:

Հոբելյարին շնորհավորեց քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը և նրան հանձնեց մրցանակ և դիպլոմ բացառիկ աշխատանքային գործունեության համար:

Անժելա Խաչատուրի Ղարսլյան-Մամջյանը ծնվել է 1948 թ. Թբիլիսի քաղաքում: Դպրոցն ավարտելուց 2 տարի հետո, 1968թ. ընդունվել է Պալիաշվիլիի անվան երաժշտական ուսումնարանի սոլֆեջոյի բաժինը:


Ժորա Սնխչյանը հոբելյարին է հանձնում վկայական բացառիկ աշխատանքային գործունեության համար:

Ուսումնարանն ավարտելուց հետո 1971թ. Անժելա Ղարսլյանը փորձել է աշխատանքի անցնել Դուշեթիի շրջանում, իսկ նրա հեռավոր բարեկամուհին նրան խորհուրդ է տվել աշխատել Բոգդանովկայում:

Արդեն 47 տարի է նա աշխատում է Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում: Այժմ դպրոցում դասավանդում է սոլֆեջո:


Անահիտ Զալալյան