«Վրաստանի հայ համայնք»-ի վարչության ներկայացուցիչները մարտի 4-ին հանդիպել են Վրաստանում իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի քաղաքական քարտուղար Սոզար Սուբարիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը եւ կուսակցությունը ներկայացնող այլ անձինք:
Հանդիպման հիմնական նպատակը նոր կառավարության ներկայացուցիչներին վիրահայության խնդիրներին ծանոթացնելն էր, այդ խնդիրների լուծման ուղիներ, եղանակներ առաջարկելը, նրանց տեսակետն իմանալն ու համագործակցելով ընդհանուր հայտարարի գալը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի կառավարման գործընթացում ազգային փոքրամասնությունների (հայերի) մասնակցությանը, միջնակարգ եւ բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրներին, ինչպես նաեւ մայրաքաղաքում, Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրմանն ու Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչման հնարավորությանը վերաբերվող հարցեր:
«Վրաստանի հայ համայնքը» ակնկալում է համապատասխան քայլեր կառավարության կողմից, որը խթան կհանդիսանա վիրահայության խնդիրների լուծման գործում:NEWS.am