Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը

Նոյեմբերի 16-ին Թբիլիսիում նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը

Նոյեմբերի 16-ին Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունը Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:

Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին շնորհավորեց հյուրերին և բոլոր քաղաքացիներին Հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ:

«Մեր բազմազանությունը մեր հարստությունն է, և մենք պետք է հասնենք քաղաքացիական ինտեգրման և համատեղ բարեկեցության: Այսօրվա մեր քաղաքականությունը ուղղված է նրան, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի լինի հավասար օրենքի առջև և ունենա հնարավորություն մասնակցելու բոլոր գործընթացներին: Ունենք շատ պարզ բանաձև՝ օգտագործել յուրաքանչյուր քաղաքացու տաղանդը և հմտությունը համընդհանուր ինտեգրման և բարեկեցության հասնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ էթնիկական և կրոնական պատկանելիությունից անվտանգության և արդարացիության զգացում պետք է ունենա»,-իր ելույթում նշեց պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:


Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին

Ընդունելությանը ներկա էին USAID-ի առաքելության ղեկավար Փիթեր Վիբլերը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Երեկոյի հյուրերը
1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից նոյեմբերի 16-ը հռչակվել է ամենամյա հանդուրժողականության միջազգային օր՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու անհանդուրժողականության վտանգների վրա։

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը պատրաստել էր տեսանյութ, որում Վրաստանում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ պատմում էին իրենց հաջողությունների և այլ ազգերի ներկայացուցիչների հետ ունեցած հարաբերությունների մասին:

Տեսանյութը ցուցադրվեց մեծ էկրանին

Ընդունելության միջոցառման ավարտին ցուցադրվեց գեղեցիկ պարային համար, որի հիմնական ուղերձը համբերատարության և սիրո զգացում ունենալն էր:

Անահիտ Զալալյան