Վրաստանում բարձր լեռնային բնակավայրերի ցանկը, ինչպես նաև դրանով պայմանավորված արտոնություններից օգտվողների թիվը հնարավոր է ավելանա:
Հարցը վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ քննարկվել է կառավարությունում կայացած բարձրադիր գոտիների զարգացման ազգային խորհրդի նիստում։ Բախտաձեի հայտարարությամբ, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կվերանայի բարձրադիր գոտիների բնակավայրերի կարգավիճակի շնորհման չափանիշները:
Վարչապետի խոսքով, կառավարության համար առաջնահերթություն է բարձր լեռնային գոտիներում բնակվող քաղաքացիների աջակցությունն ու բնակչության վերադարձը նման բնակավայրեր:
Բարձրադիր գոտիների մասին օրենքի ընդունումից մինչ օրս բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ ունի 1730 բնակավայր, որտեղ ապրող շուրջ 243 հազար քաղաքացիներն օգտվում են օրենքով սահմանված բոլոր տեսակի արտոնություններից: