Դեկտեմբերի 5-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում անցկացվել է դատական նիստ՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար, 33-ամյա Խ.Թ.-ի սպանության գործով, որը կատարվել էր դեկտեմբերի 3-ին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում:
Ինչպես հաղորդում է sknews-ը, դատավարությանը ներկա չեն եղել մեղադրյալի ծանոթները եւ հարազատները:
Դատավոր Մարիկա Չիտաշվիլին՝ դատախազ Մամուկա Կոմոշվիլիի միջնորդությամբ, որպես խափանման միջոց է կիրառել կալանքը:
Մեղադրյալի փաստաբան Ավթանդիլ Թելիաշվիլին միջնորդել է, որպիսի Գ.Մ.-ն գրավի փոխարեն ազատ արձակվի: Ըստ փաստաբանի, մեղադրյալի եւ սպանվածի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտը սպանությունից մի քանի ամիս առաջ էր ծագել: Սեպտեմբերի 26-ին սպանված Խ.Թ.-ն մեղադրյալին վիրավորել էր գերեզմանոցում, այնուհետեւ անցել ֆիզիկական բռնության՝ հասցնելով գլխի վնասվածք: Դրանից հետո մեղադրյալին գերեզմանոցից տեղափոխել են շտապօգնության մեքենայով:
«1 ամսվա ընթացքում բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար, իսկ վերջին ամիսներին նա բուժվում էր ամբուլատոր», – պատմում է Թելիաշվիլին:
Նրա խոսքերով, Խ.Թ.-ն դրանից հետո կրկին սպառնացել է մեղադրյալին, որ կսպանի նրան: Դրանից հետո սպանվածը ձերբակալվել էր, սակայն ազատ էր արձակվել 3000 լարի գրավի դիմաց:
Սպանության օրը, ըստ Թելիաշվիլիի, սպանվածը կրկին սպառնացել է մեղադրյալին, եւ ամեն ինչ ավարտվեց նրանով, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին՝ գյուղի կենտրոնում:
Փաստաբանը ասում է, որ իր պաշտպանության տակ գտնվողը այն բանից հետո, ինչ ստացել է գլխի վնասվածք, սթրեսային իրավիճակներում գործել է անմտածված եւ, հետեւաբար, չի կարողացել զսպել իրեն եւ սպանել է համագյուղացուն:
Ըստ փաստաբանի, մեղադրյալը սպանությունից հետո անձամբ է զանգահարել 112, և նրան ոստիկանություն է տարել իր հայրը:
Սակայն դատախազ Մամուկա Կոմոշվիլին ասաց, որ մեղադրյալը չի հանձնվել ոստիկանությանը, նա փորձել է փախչել, ոստիկանները հետապնդման արդյունքում են նրան ձերբակալել:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 24-ին:
Դեկտեմբերի 3-ին, կեսօրից հետո, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում, գյուղի հասարակական կենտրոնի մոտ իր համագյուղացու կողմից սպանվել էր 33-ամյա Խ.Թ.-ն: Ոստիկանները մեկ ժամ անց ձերբակալել էին կասկածյալին՝ առաջադրելով կանխամտածված սպանության մեղադրանք:
Գյուղում չցանկացան խոսել սպանության մասին, ասելով միայն, որ սպանությունը արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտի հետեւանք է:
Նույն օրը, գիշերը գյուղացիները հրդեհել են մեղադրյալի երկու տներն ու մեքենանները: ՆԳՆ-ն նաեւ հետաքննում է հրդեհի գործը՝ «Ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով: