Դեկտեմբերի 7-ին լրացավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը, որին զոհ գնացին 25 հազար մարդ:
Նինոծմինդա քաղաքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ՝ հանդիսապետությամբ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի: Պատարագին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակիցներ և քաղաքի բնակիչներ:
Վերջիններս պատարագից հետո այցելեցին Հայոս-Քարթլոս զբոսայգում գտնվող Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհեցին:
Ուղիղ 30 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, 11:41-ին Հայաստանում տեղի ունեցավ XX դարի ամենակործանարար երկարշարժերից մեկը, որը հետագայում կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Ամենաավերիչ տարերային աղետներից մեկի արդյունքում, որն ընդգրկել էր երկրի տարածքի 40 տոկոսը, միայն պաշտոնական տվյալներով 25 հազար մարդ մահացավ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ 500 հազար հայ զրկվեց կացարանից: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից մոտ 300 բնակավայր է տուժել:
Արկադի Սիմոնյան