Երթևեկությունը Նինոծմինդա Բավրա ճանապարհի Ժդանովական և Գորելովկա գյուղերի հատվածում գնալով էլ ավելի անտանելի է դարձել:
Ժդանովական գյուղի ճանապարհահատվածի վիճակից բողոքում են, թե ժդանովականցիները, թե վարորդները: Նրանք բողոքում են, որ վերջին մի քանի ամիսներին ոչ մի աշխատանք չի տարվել ճանապարհի հարթեցման ուղղությամբ:
Վարորդները դժվարանցանելի փոսերից խուսափելու նպատակով ընտրել են «այլընտրանքային» ճանապարհ, որը գործում էր դեռևս խորհրդային տարիներին: Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ստիպված երթևեկում է այդ հին ճանապարհով, որպեսզի մեքենան չվնասվի:
Ճանապարհի նշված հատվածում փոսերի խորությունը սկսվում է 10 սանտիմետրից հասնելով մինչև 30 սանտիմետրի: Փոսերի մասին վարորդներից մեկը կատակով նշեց, թե այնքան խորն են դրանք, որ երբ մեքենան հայտնվում է այնտեղ, հեռախոսակապը ընդհատվում է:
Ժդանովական գյուղի բնակիչները նշում են, որ խոշոր բեռնատար մեքենաների փոսերով անցնելու հետևանքով ցնցվում են ճանապարհի եզրին գտնվող տները, ինչի հետևանքով տների պատերին ճաքեր են առաջանում: Ճանապարհին հաճախ են տեղի ունենում նաև խցանումներ խոշոր բեռնատար մեքենաների և թեթև մարդատար մեքենաների միջև:
Գորելովկա գյուղի հատվածում ճամփեզրին երկար ժամանակ է ինչ գտնվում է ավազակույտ, որը այդտեղ լցրել են հավանաբար ճանապարհը հարթեցնելու նպատակով, սակայն այն տևական ժամանակ է գտնվում է այդտեղ և փակել է ճանապարհի գրեթե կեսը՝ խոչընդոտելով երթևեկությանը:
Քանի որ ձմեռը արդեն իր իրավունքների մեջ է, բնակիչները և վարորդները խնդրում են գոնե կատարել հարթեցման աշխատանքներ և լցնել փոսերը:
Արկադի Սիմոնյան