Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ Վրաստանի մայրաքաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն այս տարի կտեղադրվի ոչ թե Ռուսթավելիի պողոտայում, այլ Առաջին հանրապետության հրապարակում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Քաղաքապետարանում վստահ են, որ այդ հրապարակը կդառնա ամանորյա տոնածառի տեղադրման ավանդական վայրը: Կալաձեն բոլոր ցանկացողներին հրավիրել է դեկտեմբերի 22-ին գալ հրապարակ՝ տեսնելու, թե ինչպես են վառելու գլխավոր եղևնու լույսերը: Դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 -ի հունվարի 7-ը Առաջին հանրապետության հրապարակում գործելու է «Ամանորյա ավանը»: Այստեղ կանցկացվի տոնական մի քանի միջոցառում, այդ թվում՝ գալա-համերգ: