ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը Վրաստան մեկնող Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնում է, որ կան որոշակի ապրանքներ, որոնք արգելվում է անցկացնել Վրաստանի տարածք:
Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է այդ ցանկը և դրանց խախտման համար նախատեսված պատասխանատվության աստիճանը:
Արգելված դեղամիջոցներ. Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաեւ այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին եւ այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսեւդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին եւ այլն)։
Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։
Ծխախոտի թույլատրելի չափաքանակ. Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել, այնուհետեւ աճուրդով վաճառվել։
Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում. 2018թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձիք կտուգանվեն 100-200 լարի։
Զենք. Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։
Գումարի թույլատրելի չափ. Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30 000 լարի (12 000 դոլար) չափով գումար: Դրանից ավելի գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։
Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ. Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։