Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» որոշումը, որում հաստատել է ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանն ինտեգրվելու շարունակականությունը։ Ավելին, փաստաթղթում ընդգրկված է կետ, որը, փաստորեն, բացառում է Ռուսաստանի հետ Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, հայտնում է rosbalt.ru-ն։

Որոշման վերաբերյալ քվեարկությունն անցկացվել է նախորդ շաբաթվա վերջին։ Փաստաթղթի օգտին քվեարկել են խորհրդարանում ներկա բոլոր 96 պատգամավորները՝ նման կերպ միասնություն դրսևորելով, որը նախկինում բնորոշ չէր իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներին։

Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն են «երկրի անվտանգության երաշխիքների ստեղծումը, անկախության, ինքնիշխանության պահպանումը, միջազգայնորեն ընդունված սահմաններում տարածքային ամբողջականության վերականգնումը»։ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ընդգրկվելը, ինչպես և նախկինում, «հիմնական գերակայություններն են»։

Որոշման մեջ ԱՄՆ-ն նշվել է որպես «ռազմավարական դաշնակից», որի հետ Վրաստանը «կզարգացնի հարաբերությունները՝ համաձայն 2008թ. ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի, այդ թվում և պաշտպանության ու անվտանգության ոլորտում»։

Փաստաթղթի 19 կետերում Ռուսաստանն ուղղակի կամ անուղղակի կերպով հիշատակվում է միայն երեք դեպքում։ Թբիլիսին երկխոսություն կվարի Մոսկվայի հետ՝ «կոնֆլիկտի կարգավորման, բարիդրացիական հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման նպատակով»։

Սակայն որոշումը, փաստորեն, արգելում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Վրաստանը չի կարող ունենալ դիվանագիտական հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք ընդունում են Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի/Հարավային Օսիայի անկախությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հիշեցնենք, որ Վրաստանը խզել էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ.-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։news.am



Opinion, pooling and voting