ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։
Բացի այդ, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։
Tert.am-ի թղթակիցը Բավրայի անցակետում մաքսային ծառայողներից հետաքրքրվել է, թե ինչու է արգելվում օգտագործված անվադող բերելը, աշխատակիցները հայտնել են, որ դա համարվում է թափոն։
Հարցին, թե եթե ֆիզիկական անձը համարվում է օտարերկրացի և իր երկրում ձմեռային անվադողեր է գնել սեփական մեքենայի համար, ապա ինչ անի փոխված ամառային անվադողերը, մաքսային տեսուչները պատասխանել են. «Չի թույլատրվում, օգտագործվածն արգելվում է, պիտի մեքենայի վրա ամրակցված լինի»։
Ինչ վերաբերում է ուղեբեռի քաշի կրկնակի կրճատմանը, սահմանային անցակետում դա նորություն էր Հայաստան ուղևորվող քաղաքացիների համար. «Ռուսաստանից Վրաստանի տարածքով գալիս եմ, ասում են՝ պիտի մաքսազերծես, գերազանցում է 25 կգ-ն։ Ես ոչինչ չունեմ վաճառքիի ենթակա, բայց 25 կգ-ից ավելի է ուղեբեռս»։
Ուսանողներ տեղափոխող մեքենայի վարորդն էլ, որն արդեն բազմաթիվ դժգոհություններ է լսել, ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ օրենքը, միևնույն է, չի աշխատելու:
«Ուսանողը Նոր տարի օրով տնից գնում է ՀՀ սովորելու, իր շորերը 25 կգ է, մի քիչ ուտելիք չտանի՞։ Ինչո՞ւ են բոլոր սահմանափակումները վերաբերում Ջավախքի ժողովրդին, մեզնով են փող աշխատելո՞ւ, մարդ են ման գալիս փող վերցնեն, է թող սահմանափակեն, առանց դրա էլ մարդ չի գալիս ՀՀ»,- ասաց Նարեկ Գ.-ն։
Անցակետում գտնվող այլ քաղաքացիներ ևս հայտնեցին, որ նախ տեղյակ չեն, հետո էլ միևնույն է՝ դրանից տուժելու են ջավախահայերը։
Մաքսային անցակետում հայտնեցին, որ 25 կգ-ից ավելի ապրանքը ենթակա է մաքսազերծման, արժեքը պայմանավորված է ապրանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ն իրազեկել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքերի արժեքային և բնաիրային չափերը:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:
Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի:
Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների: