Ախալքալաքի փողոցները մաքրելու համար կազմվեց աղբի դուրսբերման գրաֆիկը, կենտրոնական փողոցներում կրկին վերադարձվեցին աղբարկղերը։ Մոտ ժամանակներում կկարգավորվի նաև աղբանոցի հարցը։ Հնարավոր է, որ Ախալքալաքում գործի նաև աղբամշակման արտադրություն:Մի ամիս է, ինչ աղբատար մեքենաները շրջում են փողոցներով գրաֆիկով: «Սանիտարական մաքրում» ՍՊԸ-ի ղեկավար Պարգև Յորդանյանի խոսքերով, սույն համակարգին անցան աղբատար ավտոմեքենաների աշխատանքը վերահսկելու նպատակով։
«Որ կարողանանք վերահսկել աղբատար մեքենաների գալու ժամանակը և գիտենանք, տվյալ փողոցով մեքենան անցել է, թե ոչ, քանզի հաճախ մարդիկ բողոքում էին։ Նախկինում վերահսկում էինք, սակայն վարորդները հաճախ դժգոհում էին վառելիքի անբավարարությունից։ Հիմա բոլոր մեքենաների վառելիքի ծախսը բոլոր հատվածներում վավերացած է», – ասաց Յորդանյանը։
Նա հուսով է, որ իրավիճակը աստիճանաբար կկարգավորվի։ Բոլոր փողոցներով բոլոր մեքենաները շաբաթական երկու անգամ են անցնում։ Աղբատարը օրվա ընթացքում կանցնի երեք փողոցներով։
«Սանիտարական մաքրում» ՍՊԸ-ն ունի աղբատար երկու մեքենա, մի տրակտոր և մի մեքենա կոնտեյներների մաքրման համար։ Ներկա դրությամբ բոլոր մեքենաները նորմալ, աշխատանքային վիճակում են։
Ախալքալաքի փողոցներում կրկին դրեցին նաև մետաղե աղբարկղերը։ Անցյալ տարի «Սանիտարական մաքրման» նախաձեռնությամբ, քաղաքը մաքրելու նպատակով, փողոցներից աղբարկղերը հանվեցին։ Այդ պատճառով մաքրման ծառայություն մարդիկ դիմում էին բողոքներով։ Առանց աղբարկղերի մնացած քաղաքում ողջ ծանրաբեռնվածությունն ընկավ կենտրոնական փողոցներում դրված պլաստմասե փոքր արկղերին։ Իսկ վերջիններս մեծ ծավալի աղբի համար չէին նախատեսված և արդյունքում, փոքր աղբամանները ջարդվեցին։ Բացի այդ հանած աղբարկղերի տեղերում հայտնվեցին աղբի կուտակումներ, միևնույնն էր մարդիկ աղբը բերում էին և ուղղակի տեղում թափում էին։
Պարգև Յորդանյանի խոսքերով, մոտ ժամանակներում վերջնականապես կպարզվի նաև աղբանոցների հարցը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից Վրաստանի աղբանոցների վարձակալության մասին մրցույթում հաղթանակեց մասնավոր, արտասահմանյան ընկերությունը։ Ախալքալաքի աղբանոցն էլ այդ ընկերությունն է տնօրինելու։ Կազմակերպության ներկայացուցիչները մեկ ամիս առաջ եղան Ախալքալաքում, տեսան աղբանոցը և ծրագրեցին նախնական աշխատանքները, որոնք, նրանց ասելով, սկսելու են գարնանը։ Բացի այդ, նրանց խոստման համաձայն, կտրվի անձնագիր, որով ի վերջո Ախալքալաքի աղբանոց կօրինականացվի։
Աղբանոցի նոր տերերը մտադիր են Սամցխե-Ջավախեթիում բացել նաև աղբի վերամշակման արտադրություն, թեպետ ստույգ որտեղ կլինի այդ արտադրությունը, դեռ չի որոշվել։
«Սանիտարական մաքրում» ՍՊԸ-ի ղեկավարությունը հուսով է, որ դրա համար կընտրվի Ախալքալաքը։
Բնակելի տների մոտակայքում աղբանոցի առկայության մասին հարցին Պարգև Յորդանյանը հետևյալ կերպ պարզաբանեց.
«Աղբանոց չի լինի, կլինի վերամշակման արտադրություն։ Այստեղ աղբը կառանձնացվի թղթի, շշի, որոնք կվերամշակվեն, իսկ մնացած կենցաղային աղբը կթաղվի։ Բացի այդ աղբանոցը կցանկապատվի»։
Եթե աղբի վերամշակման արտադրություն բացվի Ախալքալաքում, ապա աղբը կբերվի նաև Ախալցիխեի, Ասպինձայի և Նինոծմինդայի շրջաններից։