Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին:
Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին՝ մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տարածում է հայտարարություն, որտեղ նշված է, որ Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
«Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- նշված է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հայտարարությունում:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 8 մարդ: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: 1tv.ge