Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարության Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բախտաձեի խոսքով, ճոպանուղու կառուցումը պատմական նշանակության եզակի նախագիծ է, որը թույլ է տալիս Կոբիի, Գուդաուրիի և Ստեփանծմինդայի որպես մեկ զբոսաշրջային կլաստերի զարգացումը: Վարչապետի հավաստմամբ, վերջին 6 տարիների ընթացքում զբոսաշրջիկների թիվը Գուդաուրիում նշանակալիորեն աճել է:
«Մի քանի օր առաջ նշեցինք Գուդաուրիի՝ որպես հանգստավայրի ստեղծման 30-ամյակը: Վերջին 6 տարիների ընթացքում զբոսաշրջիկների քանակը Գուդաուրիում աճել է 500 տոկոսով: Սա իրապես մեծ հաջողություն է, սակայն դեռևս բավարար չէ: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերն աշխարհում լինեն լավագույնների թվում»,- հայտարարել է Բախտաձեն:
7,5 կմ երկարության Կոբի-Գուդաուրի ճոպանուղին, որի կառուցման համար շուրջ 81 մլն լարիի ներդրում է արվել, կմիանա Գուդաուրիի ճոպանուղիների միասնական համակարգին: Նրա տարողունակությունը մեկ ժամում կազմում է 2 800 ուղևոր: aliq.ge