Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ կողմ է արտահայտվել Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների լավացմանը, սակայն միևնույն ժամանակ Աբխազիան և Հարավային Օսիան անվանել է «գրավյալ տարածք» և վերահաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցության քաղաքական կուրսը։ Նա Թբիլիսիի հիմնական ռազմավարական դաշնակից է համարել ԱՄՆ-ին, սակայն չի շտապում մեկնել այնտեղ, գրում է Коммерсантъ-ը։
Երեկ Բիձինա Իվանիշվիլիի ավելի քան 3 ժամ տևած ասուլիսը հիմնականում նվիրված է եղել տնտեսական խնդիրների քննարկմանը։
Սակայն արտաքին քաղաքական թեմաներով ևս կարևոր հայտարարություններ կառավարության ղեկավարն արել է։ «Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր արդեն առաջընթաց է նկատում մշակութային կապերի և առևտրա-տնտեսական համագործակցության ոլորտներում։
«Մեր ընդդիմախոսներին դա անհանգստացնում է»,-ասել է Իվանիշվիլին՝ նկատի ունենալով Միխեիլ Սաակաշվիլիի և նրա համախոհների քննադատությունները։
Միևնույն ժամանակ Բիձինա Իվանիշվիլին Աբխազիան և Հարավային Օսիան «գրավյալ տարածք» է անվանել՝ խոստանալով աշխատել դրանք Վրաստանի կազմ վերադարձնելու ուղղությամբ։
Վարչապետը խոստովանել է, որ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը «հեշտ խնդիր չէ և ժամանակ է պահանջում, սակայն ոչինչ չի կարող խոչընդոտել իր որոշմանը։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելը հեշտ էր, և Սաակաշվիլին դա կարողացավ անել կարճ ժամկետում։ Իսկ մենք մտադիր ենք քանդել հակասությունների հանգույցները»,-վստահեցրել է վարչապետը։
Նա բնական է համարում դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Ռուսաստանի հետ, քանի դեռ Սուխումիում ու Ցխինվալիում աշխատում են ռուսական դեսպանությունները։
«Եթե անգամ ռուսական իշխանությունները հանկարծ որոշեն վերադարձնել գրավյալ տարածքները, դիվանագիտական և տեխնիկական խնդիրների պատճառով դա դժվար կլինի իրականացնել»,-ասել է Իվանիշվիլին։
Խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի առաջնորդի օրերս կայացած ցուցադրական հանդիպումը, Բիձինա Իվանիշվիլին խորհուրդ է տվել չտրվել էմոցիաներին։ «Մենք գիտենք ինչ ծանր հետևանքների է հանգեցրել նախկին իշխանությունների հռետորիկան. հազարավոր մեր համերկրացիներին հանեցին Ռուսաստանից»,-հիշեցրել է կառավարության ղեկավարը։
Թբիլիսիի հիմնական դաշնակիցն Իվանիշվիլին համարում է ԱՄՆ-ին։ «Այս երկիրը վերջին 20 տարիների ընթացքում շատ բան է արել Վրաստանի համար. նրանք հրաշալի դեսպան ունեն՝ Ռիչարդ Նորլանդը, ով մեզ օգնում է»,-ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, նա հաղորդել է, որ անորոշ ժամանակով հետաձգել է իր այցը Վաշինգտոն։ «Օբամայի վարչակազմը տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց Կոնգրեսում դեռ շատ են Սաակաշվիլիի բարեկամները։ «Ես մտադիր եմ Վաշինգտոն մեկնել, երբ նրանք որևէ հարց չեն ունենա ինձ հետ»,-ասել է նա։
tert.am