2019 թվականին Վրաստանի կառավարությունը նախատեսում է 4 անգամ մեծացնել Քութայիսիի միջազգային օդանավակայանը (երկարացնել ու լայնացնել թռիչքուղին): «Վրաստանը և աշխարհը- 2019» տնտեսական գիտաժողովում այս մասին հայտարարել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:
Նախարարի խոսքով, քննարկվում է նաև Թբիլիսիի և Աջարիայի օդանավակայանների մեծացման հարցը:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2018-ին Քութայիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 617 հազար ուղևորի, ինչը 52,4 տոկոսով գերազանցում է 2017-ի տվյալները:
Հարկ է նշել նաև, որ նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նույնպես առաջ էր քաշել Քութայիսիի օդանավակայանը մեծացնելու հարցը:
«Վրաստանը և աշխարհը — 2019» երկօրյա տնտեսական գիտաժողովը Թբիլիսիում մեկնարկել է այսօր՝ հունվարի 29-ին: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան հազար պատվիրակ տարբեր երկրներից, ներկա են նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:aliq.ge