Վրաստանաբնակ հայերը երկրի իշխանություններից պահանջել են վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: Դա նոր լարվածություն է հաղորդել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հակասություններին: Պետության ղեկավարը հայտարարել է, որ վավերացումը սպառնալիք է ազգային անվտանգությանը եւ ընդդիմախոսներին մեղադրել է հայկական ազգայնականության խթանման համար:
Մարտի 14-ին Ախալքալաքի քաղաքային ժողովի նիստում «Վրացական երազանք-Հանրապետականներ» խմբակցությունը հանդես էր եկել հայերենին տարածաշրջանային կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությամբ: Այդ նպատակով նրանք դիմել էին Վրաստանի խորհրդարանին` խնդրելով վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: «Մենք պնդում ենք, որպեսզի խորհրդարանը վերջապես վավերացնի Եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999թ.»,- հայտնել է Ախալքալաք քաղաքի խորհրդարանի նախագահ Համլետ Մովսեսյանը: Նա խոստովանել է, որ նախաձեռնությունը պատկանում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորներին:
Վրաստանի կառավարությունում հիշեցրել են, որ Խարտիային միանալու նախաձեռնողը եղել է ներկայիս նախագահը: «1999թ. լինելով իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Սահակաշվիլին անպատասխանատվորեն հանձն էր առել Վրաստանի կողմից այդ փաստաղթղի վավերացումը»,- հայտնել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա` Սահակաշվիլին այն ժամանակ իր գործողությունները հիմնավորել էր ԵՄ Վրաստանի ընդունման վճիռն արագացնելու ցանկությամբ: «Նա այնքան էր ցանկանում այդ ճանապարհին Ադրբեջանից եւ Հայաստանից առաջ անցնել, որ չմտածեց հետեւանքների մասին»,- նկատել է նախարարը: Զաքարեիշվիլին վստահ է, որ այժմ երկիրն այլ ելք չունի, քան խարտիան վավերացնելը: «Հակառակ դեպքում մենք չենք տեսնի եվրաինտեգրում»,- զգուշացրել է նա:
Սահակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն իշխանություններին խորհուրդ են տալիս չսրել իրավիճակը: «1999 թվականը վկայակոչելու փոխարեն «Վրացական երազանքը» պետք է մտածի իր ներկա պատասխանատվության մասին»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին: Նա հիշեցրել է, որ Տարածաշրջանային լեզուների Խարտիան մինչ օրս չեն վավերացրել նույնիսկ ԵՄ անդամ մի շարք երկրներ:
«Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ իրենք 9 տարիների ընթացքում այնպես են արել, որ այդ հարցն օրակարգում չդրվի: «Դավիթ Ռստակյանը, ով նախկին սաքրեբուլոյի անդամ էր, մշտապես փորձել է բարձրացնել այդ հարցը, ուստի վերջին ընտրություններում, մի շարք այլ կուսակցությունների հետ միասյն, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Ռստակյանը եւ նրա նման արմատականները չհայտնվեն սաքրեբուլոյում»,-նշել է Մերաբիշվիլին: Նա իշխանություններին կոչ է արել մի խումբ առանձնացնել, որն իր վրա կվերցնի Ջավախքում գործընթացների պատասխանատվությունը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:news.am