2 լարի` ծանրոցի համար. Վրաստանի փոստի նոր որոշման դեմ ստորագրահավաք է սկսվել

2 լարի` ծանրոցի համար. Վրաստանի փոստի նոր որոշման դեմ ստորագրահավաք է սկսվել

Վերջին շրջանում վրաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում ու քննադատվում է Վրաստանի փոստի աշխատանքը, մատուցած ծառայությունների որակն ու դրանց դիմաց` վարձավճարների ավելացումը:

Վրաստանի փոստը 2019-ի հունվարից միջազգային ծանրոցների ստացման համար 2 լարի հավելավճար է սահմանել` անկախ քանակից և ծանրոցի արժեքից: Օրինակ` պատվիրատուն առցանց խանութից գնում է ապրանք, որի ինքնարժեքը մեկ լարի է, փոստային բաժանմունքում ստացման պահին վճարում է ևս 2 լարի: Ընդ որում` յուրաքանչյուր պատվերի համար առանձին: Շատերն այս մասին իմանում են հենց պատվերը ստանալու պահին: Ստացվում է, որ նույնիսկ անվճար առաքման պայմանով գնված ապրանքի համար հաճախորդը ստիպված է վճարել: 2 լարին գանձվում է որպես մաքսային հսկողության վճար:

«Եթե ես «Ալի Էքսպրես»-ի բիժուտերիայի համար վճարել եմ օրինակ մեկ լարի, ևս 3-ը` առաքման համար, ինչու պետք է դեռ 2 լարի էլ վճարեմ ստանալու ժամանակ»,- փոստային բաժանմունքի աշխատակցից հետաքրքրվում  է պատվիրատուներից մեկը: Նրա հետ համամիտ են բազմաթիվ հաճախորդներ:

Manifest.ge-ում ստորագրահավաք է սկսվել` 2 լարիի վճարը չեղարկելու պահանջով: Այն արդեն ստորագրել է մոտ 10 հազար մարդ:


Սա փոստային ծառայությունից միակ դժգոհությունը չէ: Մեծ խնդիր են նաև հերթերը: Օրինակ՝ Սամգորիի փոստային բաժանմունքում հարյուրավոր քաղաքացիներ ժամերով սպասում են իրենց հերթին, որը երբեմն այդպես էլ չի հասնում, քանի որ հաճախորդի համբերությունն ավելի  շուտ է սպառվում, ու նա ուղղակի լքում է հերթը: Նկարում երևում է, որ հաճախորդի հերթի համարը 1239-ն է, սպասարկվում է 1148-րդը հերթում: Մեկ ժամում միջինը սպասարկվում է 20-30 հաճախորդ: Քաղաքացիներն ասում էին, որ երբեմն մի փոքր ծանրոց ստանալու համար մի քանի օր են ստիպված լինում գալ-գնալ` սպասելով, որ  մարդկանց հոսքը նվազի:

Դեկտեմբեր-հունվար շրջանում հերթերի գոյացումը բացատրվում էր նախատոնական ծանրաբեռնվածությամբ: Այժմ կարծիքներ կան, որ պատճառը կոսմետիկայի վաճառքով զբաղվող Օրիֆլեյմ, Ֆաբերլիկ, Էյվոն ֆիրմաներից փոստի կողմից առաքման ծառայությունը ստանձնելն է: Բաժանմունքները, որոնք ընդունում են նշված ֆիրմաների ապրանքը, չեն դիմանում ծանրաբեռնվածությանը:

Վրաստանի փոստային ծառայությունը գործում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը կից: Երկրի տարածքում 82 բաժանմունք է գործում:

Վրաստանում առաջին փոստային ծառայությունը բացվել է 1805 թվականին:



Opinion, pooling and voting