Փետրվարի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում հանդիսավոր կերպով նշվեց Տրնդեզը /Տեառնընդառաջ/:
Տրընդեզը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է, որը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին. բայց տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:
Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Հիսուսին տանում է Երուսաղեմի տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով արդար և բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի Փրկչին: Տեսնելով մանուկ Հիսուսին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտահայտությունը:
Տոնն իր ծագմամբ շատ ավելի հին է, և այն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը, կրակի ու արևի աստված Վահագնը: Տեառնընդառաջ տոնը, որը չնայած համարել են հեթանոսական, այնքան է արմատացել, որ եկել հասել է մեր օրեր: Կենցաղում համաժողովրդական այս տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է: Տրընդեզը կրակը (արևը) հողին տալու արարողություն է: Ժողովրդական ասացվածքում կա այսպիսի մի ակնարկ. ‹‹Տերընդեզի կրակը որ գետնին ընկնի, ձյունը կփախչի››:
Տոնի գլխավոր հերոսները նորապսակ զույգերն են եւ միմյանց սիրահարված տղա-աղջիկները: Այս օրը զույգը եկեղեցի է գնում օրհնության ստանալու եւ կրակի վրայով ցատկելու համար: