Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը մարտի 21-ի երեկոյան առաջին ընթերցմամբ ընդունել է նախագահի լիազորություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունները: Օրենսդիր մարմնի 147 պատգամավորներից 135-ը կողմ են քվեարկել:

Ավելի վաղ խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժման» պահանջով անցկացված վարկանիշային քվեարկության ժամանակ քվեարկել էին 93 պատգամավորներ (100 ձայն էր պահանջվում): Ազգային շարժումը չէր մասնակցել քվեարկությանը՝ ցանկանալով ընդգծել, որ առանց իր աջակցության սահմանադրական փոփոխությունները չեն կարող ընդունվել, գրում է «Նովոստի-Գռուզիան»:

Հիշեցնենք, վարկանիշային քվեարկության հարցը վեճի առարկա էր ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ, որը շարունակվում էր մինչեւ վերջին պահը: Այն անցկացնելու որոշումն ի վերջո կայացրել էր խորհրդարանի նախագահ Ուսուպաշվիլին՝ ընդդիմության եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո. «Մենք չէինք կարող կամակորությանը ճգնաժամով պատասխանել», – նշել է նա, գրում է «Գռուզիա-օնլայնը»:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահը պահպանում է կառավարությունը ցրելու իրավունքը, սակայն կառավարությունը պարտականությունների կատարումը պետք է շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը չի հաստատել նոր կառավարության կազմը:

Միաժամանակ, մնում է այն սահմանափակումը, որով խորհրդարանն ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում՝ նախքան նախագահական ընտրությունները, նախագահը խորհրդարանը ցրելու իրավունք չունի, բացառությամբ այն դեպքի, եթե խորհրդարանը երեք անգամ մերժի նախագահի ներկայացրած կառավարության կազմի հաստատումը:
news.am



Opinion, pooling and voting