Փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ:
Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենիքում մնալու հեռանկարներ:
Հեշտիայի «Արմաթ»-ն առաջինը չէ Սամցխե Ջավախքում: Եվս մեկ լաբորատորիա տեղակայված է Ախալքալաքիում:
Լաբորատորիան հնարավորություն է տալիս ինժեներություն ուսումնասիրել 10-18 տարեկան երեխաներին: 14 տարեկանից սկսած՝ շրջանավարտներին աշխատելու հնարավորություն է տրվում: Գյուղերում լաբորատորիայի բացումը նպաստում է նաև նրան, որ երեխաները մնան գյուղերում՝ տեխնոլոգիաների դարում օգտվելով տանից աշխատելու հնարավորությունից:
Երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։
Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում են 220-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն.
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի բարձրագույն պաշտոնատար անձիք, «Կարիտաս Վրաստան»-ի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար կազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ և այլոք:
Հատկանշական է, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում բարձրացրեց դեպի գյուղ տանող ճանապարհի հարցը: Դեսպանի խոսքով, Վրաստանի կառավարության հետ կփորձեն համաձայնության գալ՝ ճանապարհը վերանորոգելու վերաբերյալ, հարցն անպայման կբարձրացնեն: