Վրաստանում փոթորիկը մարտի 24-ին առանց էլեկտրականության է թողել 100 հազար մարդու, Բաթումում զոհվել է մեկ մարդ:
Ուժեղ քամին պոկել է էլեկտրալարերը: «Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ երեկոյան առանց էլեկտրականության է մնացել 60 հազար ընտանիք:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տարերային աղետի հետեւանքների վերացման եւ նրա դեմ պայքարի համար հատուկ շտաբ է ստեղծել: Շտաբը ղեկավարում է փոխվարչապետը` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Կախա Քալաձեն: Շտաբի անձնակազմում ընդգրկվել են ՆԳՆ-ի, պաշտպանության, ֆինանսների, առողջապահության եւ տարածաշրջանային զարգացման նախարարությունների ներկայացուցիչները:
Ըստ շտաբի տվյալների` փոթորկից հատկապես տուժել է Աջարիան, որտեղ տանիքից զրկվել է 150 տուն: Թբիլիսիում նույնպես զրկվել է տանիքից 60 տուն: «Գռուզիա Online»-ը հաղորդում է, որ օդերեւութաբանները կանխատեսում են, թե քամին կթուլանա միայն մարտի 25-ի երեկոյան:
news.am