Վրաստանի նախագահ՝ Միխեիլ Սաակաշվիլին այցելեց Ախալքալաք, նա եղավ Ախալքալաքում կառուցվող երկաթգծի կայանի տարածքում և հանդիպում ունեցավ Ախալքալաքի № 3 նորակառույց վրացական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ, իսկ պլանավորած այցը Արագովա գյուղ չկայացավ:
ժամը 14:00-ի կողմերը Միխեիլ Սաակաշվիլին ժամանեց Ախալքալաք: Արդեն 15:00-ի սահմաններում նախագահն ուղղաթիռով հեռացավ քաղաքից:
Արագովա գյուղի բնակիչները սպասում էին նախագահին: Նա այցելելու էր վրաց լեզվի ուսուցչուհի Մայա Գելաշվիլիին, ով 2009 թվականից դասավանդում է «Վրացերենը՝ երկրորդ լեզու» նախագահական նախագծի շրջանակներում: Մայա Գելաշվիլիի տանը հավաքվել էին դպրոցի աշակերտները:
Մայա Գելաշվիլին չգիտի, թե ինչո՞ւ նախագահը պլանավորել էր հանդիպել հենց իր հետ:
«Չգիտեմ, երևի ռեսուրս կենտրոնն է ինձ երաշխավորել: Մենք վրացերեն ենք սովորեցնում աշակերտներին, ուսուցիչներին և բոլոր ցանկացողներին: Ինչքան տեղյակ եմ, նախագահը գալիս է տեսնելու, թե ինչպես է ընթանում վրացերենի ուսուցումը այստեղ», – ասաց նա:
Շուշան Շիրինյան.Ախալքալաք