Վրաստանում ծխախոտի թանկացումը փաստի առաջ է կանգնեցրել ծխախոտ օգտագործողներին, որոնք ծխախոտից հրաժարվելու փոխարեն անցել են մեկ այլ՝ առավել մատչելի, սակայն ավելի անառողջ մեթոդի կիրառմանը։
2018 թվականի տվյալներով, Վրաստանում 1.1 միլիոն մարդ ծխախոտ է օգտագործում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծխախոտի պատճառած վնասից տարեկան 11 հազար մարդ է մահանում, իսկ 3 հազար մարդ` պասիվ ծխելուց: Ընդ որում, ծխողների 40 տոկոսը ցանկանում է հրաժարվել ծխախոտից:
Վրաստանում վերջին շրջանում ծխախոտը զգալիորեն թանկացել է: Թանկացումները կապված են միջազգային պարտականությունների հետ:
Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն ասում է, որ 2024 թվականին ընդառաջ բոլոր տեսակի ծխախոտային ակցիզների գները կբարձրանան, որի նպատակը ծխախոտ օգտագործողների թվի նվազեցումն է:
Նոր կանոնակարգեր ընդունելուց հետո ծխախոտի արդյունաբերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 30 տոկոսով: Այս մասին հայտարարել է «Բրիթիշ Ամերիքան Տոբակոս» կորպորացիայի տնօրեն Զվիադ Սխվիտարիձեն: Ըստ նրա, սիգարետի վաճառքի նվազեցման հետ մեկտեղ ավելացել է թութունի վաճառքն ու ապօրինի վաճառքի ցուցանիշը:
Ծխախոտի թանկացմանը «դիմակայելու» համար ծխող մարդիկ գտել են այլընտրանքային ճանապարհ, որը մի քանի անգամ էժան է: Վրաստանի ողջ տարածքով օրեցօր աճում է թութունի պահանջարկը: Բացառություն չի կազմել նաև Ջավախքը, որտեղ ծխողների գերակշռող մասը գնում է թութուն, թուղթ, ֆիլտր և հատուկ սարքավորում, որի միջոցովտնային պայմաններում պատրաստում է ծխախոտ: