Մարտի 3-ին Նինոծմինդայում անցկացվեց դահուկավազքի մրցաշար նվիրված դահուկային սպորտի վարպետ Թադևոս Արզումանյանի հիշատակին: Մրցաշարն արդեն երրորդ տարին է անընդմեջ անցկացվում է Նինոծմինդայում:
Նինոծմինդայի շրջանային դահուկավազքի մրցույթին մասնակցում էին գրեթե 80 դահուկորդ՝ Նինոծմինդայից, Վրաստանի այլ շրջաններից և հարևան Հայաստանից:
Մրցույթի ավարտին մասնակիցներն ու լավագույն դահուկավազորդները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու գավաթներով: Յուրաքանչյուր մասնակից 1 կմ 800 մ երկարությամբ վազքուղին պետք է հաղթահարեր ամենակարճ ժամանակահատվածում, որպեսզի արժանանար լավագույնի կոչմանը:
Դահուկավազքի մրցաշարի կազմակերպիչ, Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը վստահեցրեց, որ այս մրցումները շարունակական բնույթ կկրեն:
«Այս հուշամրցաշարն ուղղված է Նինոծմինդայում սպորտային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև դահուկավազքի զարգացմանը»,-նշեց Անդրանիկ Ղարսլյանը:
Հավելենք, որ դահուկավազքը ձմեռային մարզաձև է, մրցում են հատուկ պատրաստված ձյունե երթուղով, օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր: Պաշտոնական մրցումները անցկացվում են 800 մետրից մինչև 50 կիլոմետր: Դահուկավազքը ընդգրկված է Ձմեռային Օլիմպիական խաղերում 1924 թվականից:
Առաջին անգամ դահուկավազքի մրցումներ կայացել են Նորվեգիայում 1767 թվականին: Իսկ 1924 թվականին ստեղծվել է Դահուկային մարզաձևի Միջազգային ֆեդերացիան (FIS):
Ավելին մեր նյութում՝